Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ Մյունխենի Բավարիան չի հանդիսանում անհաղթահարելի: Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի Բորուսիան ընդունելու է առաջատար Բավարիային:
«Եթե ես չեմ սխալվում, Բավարիան արդեն պարտվել է և՛ առաջնությունում, և՛ Չեմպիոնների լիգայում: Մենք հարգում ենք Բավարիային, սակայն համոզված ենք, որ կարող ենք հաղթել» - ասել է Հենրիխը:
Խոսելով իր պայմանագրի երկարաձգման մասին, Մխիթարյանը ընդգծեց, որ իր որոշումը կախված չէ այլ ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Մաթս Հումելսի և Իլկա Գունդոգանի որոշումներից:
«Նրանք իրոք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են, սակայն նրանք ոչ մի կապ չեն կարող ունենալ իմ որոշումների հետ» - հայտարարել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը Բորուսիայի կազմում անց է կացրել 37 հանդիպում, կատարել 19 գոլային փոխանցում և 19 անգամ դարձել գոլի հեղինակ: Այս պահի դրությամբ Հենոն համարվում է լավագույնը Եվրոպայում գոլային փոխանցումների քանակով:







